Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Մարկ.10.17)

«Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Մարկ.10.17)
17.03.2017 | 00:07

Աստծո ամենամեծ ձեռքբերումը կատարյալ մարդու արարումը չէ, այլ Իր իսկ մարմնացումը` որպես մարդու և բարու կատարյալ միություն:
Մարդ` Աստծո պատկերով և նմանությամբ` Աստծո պես անզուգական մի էակ. բոլոր մարդիկ են աշխարհ գալիս որպես այդպիսին, բայց քչերին է հաջողվում աշխարհից հեռանալ որպես մարդ:


Աստված սիրում է մարդկանց (նրանց, ովքեր մտահոգվա՛ծ են իրենց նկարագրի պահպանմամբ) և կամենում է, որ բոլորը հասնեն կատարելության ու մեղքից փրկության:
Աստված է միակ բարին և ակունքը ամենայն բարիքի, և Նրան հասնելու միակ ճշմարիտ ուղին բարիք գործելն է` պայքարը տիեզերական չարի դեմ աստվածազարմ և հավիտենական բարությամբ: Եվ եթե կամենում ենք հասնել կատարելության ու դառնալ ժառանգը հավիտենական կյանքի և ո՛չ հավիտենական տանջանքների, պետք է սկսել պատվիրանապահությունից և ավարտել անձնուրացությամբ` հրաժարվելով ամեն ինչից ու հետևելով Հիսուսին, իսկ նրանց համար, ովքեր հարստություն ունեն, Բարի Վարդապետը ավելացնում է. «Քեզ մե՛կ բան է պակասում. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ինչ ունես ու աղքատների՛ն տուր և երկնքում գանձեր կունենաս» (Մարկ. 10.21): Այո՛, ձեր գանձերը թող լինեն երկնքում. «որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6.20-21), քանզի եթե մարդու գանձը Աստծո մոտ է, իսկ Ինքը` Աստված, մարդու սրտում, ուրեմն նա չի կարող իրեն թույլ տալ ծառայել երկու տիրոջ՝ և՛ Աստծուն, և՛ մամոնային (մամոնան հին աշխարհում դրամի կուռքն էր, և մեր օրերում էլ, ցավոք, երկրպագուների պակաս չի զգում):

Փոխարենը Հիսուսը պատվիրում է մարդկանց աշխարհիկ հարստությունը գործածել Աստծո բարեկամությունը շահելու համար, որ այս աշխարհից հեռանալուց հետո հավիտենական հարկերի տակ ընդունեն նրանց: Հակառակ պարագայում մարդը մխրճվում է վտանգավոր մի արատի մեջ, որից պետք է զգուշանալ. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ.12.15): Նա, ով պատրաստ չէ ամեն րոպե հրաժարվելու իր ինչքից, իր հույսը դրել է ոչ թե Աստծո, այլ սնոտի հարստության վրա, ինչի մասին Հակոբոս Տեառնեղբայրն ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք» (Հակոբոս. 5. 2-3):


Բարեգործության դեպքում առանցքայինը մարդու հոգևոր գիտակցության մակարդակն է. «Ով գիտի, թե ինչ է բարին, և չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակոբոս. 4.17): Չի կարելի բարեգործություն անել ի տես մարդկանց. «Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդ սերմանում է, նույնը և կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ. 6. 7 -8):
Աստծո ստեղծած ամեն բան բարի և կատարյալ է. թե՛ տիեզերքը և մարդը, թե՛ տիեզերքը և մարդկային հարաբերությունները կարգավորող օրենքները, և արարչությունը կհարատևի բարու մեջ ու կմիտվի կատարելության այն դեպքում միայն, եթե դուրս չգա աստվածադիր օրենքների ծիրից: Հետևաբար, բարիք անել ոչ թե նշանակում է սոսկ օգնել մարդկանց, այլ չդավաճանել Աստծուն: Բարի գործ անելու համար անհրաժեշտ է լոկ, որ չլինեն այն չանելու հիմնավորված պատճառաբանություններ: Եվ իրականում բարի է նա, ով իր սրտի դուռը բացում է այն բախող և ներսում օթևան փնտրող Աստծո առաջ և չի վտարում իր սրտից Աստծուն, եթե նա արդեն իսկ օթևանել է այնտեղ: Բարի գործը պետք է անել ոչ թե չկամորեն, այլ հոժարությամբ, քանզի եթե մի բան անում ենք պարտադրված, ուրեմն դա հենց մեր պարտքն է, իսկ երբ անում ենք սիրով, մենք վարձք ունենք, որը պետք է ակնկալել ոչ թե նրանից, ում օգնության ձեռք ենք մեկնել, այլ Աստծուց, որ հատուցելու է բոլորին ըստ իրենց գործերի: Բարի գործը նմանապես մի փորձ է` ապերախտ չգտնվելու Աստծո իսկ Սիրո և Նվիրումի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ